Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչո՞ւ է Էրդողանը ստում ալլահին

Ինչո՞ւ է Էրդողանը ստում ալլահին
24.04.2017 | 22:42

Մինչ մյուս մայր ցամաքում հայերը սպասում են ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 24-ին ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին՝ հայտնում է ermenihaber.am-ը` հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին: Էրդողանը այս տարի ևս հարգանքով հիշել է «1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին» և ցավակցել նրանց ժառանգներին։ Սա առաջին սուտն է՝ հայերը չեն իրենց կյանքը զոհել, թուրքերն են նրանց սպանել: Երկրորդ սուտը՝ Էրդողանը նշել է, որ «հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժողովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը»։ Հայերը և թուրքերը տարածաշրջանի երկու հին ժողովուրդները չեն, հայերը հազարավոր տարիներ ապրել են իրենց հայրենիքում, երբ թուրքեր գոյություն էլ չունեին, ու պատմական այդ սուտը երբեք ճշմարտություն չի դառնա: Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թուրքիայի զարգացման գործում հայերի ավանդին. «Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»՝ իսկ սա երրորդ սուտն է՝ իրականում ցեղասպանությունից հետո թուրքերը յուրացրին հայերի ունեցվածքը ու իրենց հանրապետությունը կառուցեցին հայերից խլվածի վրա, բայց դա ստի միայն կեսն է, մյուս կեսը, որ հայերը երկրի հավասար ու ազատ քաղաքացիներ են: Չորրորդ սուտն էլ, որ իր նպատակն է, որ «դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը և այդ ուղղությամբ վերջին 14 տարիներին մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ»։

Չորրորդ սուտը՝ Էրդողանը վստահեցրել է, որ «օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս»։ Հինգերորդ սուտը՝ «Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացի լինելու զգացողությունը»։ Վերջապես՝ վեցերորդ սուտը՝ «Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում»։


Իսկ յոթերորդ սուտը՝ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին հիշելիս՝ Էրդողանը ալլահին խնդրել է, որ խաղաղություն պարգևի նրանց հոգիներին։ Նախ՝ պետք չէ ստել ալլահին, և հետո՝ ալլահը թող իր հավատացյալներին հավատ պարգևի՝ ոչ մի կրոն սպանություն չի ուսուցանում, առավել ևս ցեղասպանություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ հասկացա՞ք, թե ինչու Հայոց պատրիարքի նոր փոխանորդ ընտրվեց, բայց մնաց Արամ Աթեշյանը: Էրդողանը նրան է ճանաչում «երկրի հավասար ու ազատ քաղաքացի»՝ իր նման ու իր հրամանին սպասող:

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ